Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 12

:
Armenian - 2018
1 Սրանք են այն մարդիկ, որ եկան Դավթի մոտ՝ Սիկելակ, քանի որ նա դեռ թաքնվում էր Կիսի որդի Սավուղից։ Սրանք պատերազմում նրան օգնող քաջեր էին։
2 Նրանք աղեղնավորներ էին, որոնք պարսատիկով քարեր էին նետում աջ ու ձախ ձեռքով և աղեղով նետեր էին արձակում։ Սրանք Բենիամինից սերած Սավուղի ազգականներից էին։
3 Գլխավորն էր Աքիեզերը, ապա՝ Հովասը, որոնք գաբաացի Սամաայի որդիներն էին, Ազամոթի որդիներ Հեզիելն ու Փաղետը, Բարաքան ու անաթոթացի Հեուն,
4 գաբավոնացի Իսմայիան, որն այն երեսունի մեջ քաջազուն մարտիկ էր և այն երեսունի գլխավորը, Երեմիան, Հազիելը, Հոհանանը և գադերացի Հոզաբադը,
5 Եղիոզան, Հերիմոթը, Բաաղիան, Սամարիան, հարուփացի Սափատիան,
6 Եղկանան, Հեսիան, Ազարիելը, Հոեզերը և Հեսբաամը, որոնք կորխացիներ էին,
7 նաև գեդորացի Հերոամի որդիներ Հոելան և Զաբադիան։
8 Գադյաններից ոմանք, բաժանվելով, Դավթի մոտ՝ անապատում գտնվող բերդը գնացին, քաջազուն մարդիկ, պատերազմող, վահան և նիզակ գործածող զինվորներ, որոնց դեմքը նման էր առյուծի դեմքի, և որոնք արագաշարժ էին, ինչպես այծյամները լեռների վրա։
9 Եզերը գլխավորն էր, երկրորդը՝ Աբդիան, երրորդը՝ Եղիաբը,
10 չորրորդը՝ Մասմանան, հինգերորդը՝ Երեմիան,
11 վեցերորդը՝ Եթթին, յոթերորդը՝ Եղիելը,
12 ութերորդը՝ Հոհանանը, իններորդը՝ Եղզաբադը,
13 տասներորդը՝ Երեմիան, և տասնմեկերորդը՝ Մաքաբանան։
14 Սրանք Գադի որդիներից էին, զորքի գլխավորներ։ Նրանցից ոմանք կրտսեր սպաներ էին հարյուրի վրա, իսկ ոմանք՝ ավագ սպաներ հազարի վրա։
15 Սրանք են, որ անցան Հորդանան գետը առաջին ամսին, երբ նրա բոլոր ափերը ողողվել էին ջրով, և հովիտների բոլոր բնակիչներին փախցրին դեպի արևելք և դեպի արևմուտք։
16 Բենիամինի և Հուդայի որդիներից էլ մարդիկ եկան բերդը՝ Դավթի մոտ։
17 Դավիթը դուրս եկավ նրանց ընդառաջ և ասաց նրանց. «Եթե խաղաղությամբ եք եկել ինձ մոտ՝ օգնելու ինձ, իմ սիրտը ձեզ հետ կլինի, բայց եթե եկել եք խաբեությամբ, որպեսզի ինձ իմ թշնամիներին մատնեք, երբ իմ ձեռքերում անօրենություն չկա, այն ժամանակ թող մեր հայրերի Աստվածը տեսնի և հանդիմանի»։
18 Եվ Հոգին պատեց իշխանների գլխավորին՝ Ամեսայիին, և նա ասաց. «Մենք քոնն ենք, ո՛վ Դավիթ, և քեզ հետ, Հեսսեի՛ որդի, Խաղաղությու՜ն, խաղաղությու՜ն քեզ, Խաղաղությու՜ն քո օգնականներին, Քանզի քո օգնականը քո Աստվածն է»։ Եվ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց գնդի գլխավորներ կարգեց։
19 Մանասեի ցեղից էլ ոմանք անցան Դավթի կողմը, երբ նա փղշտացիների հետ պատերազմելու գնաց Սավուղի դեմ, սակայն նրանց չօգնեցին, որովհետև փղշտացիների իշխանները խորհրդակցելով ետ ուղարկեցին նրանց՝ ասելով. «Նա մեր գլուխների գնով իր տիրոջ՝ Սավուղի կողմը կանցնի»։
20 Երբ նա Սիկելակ գնաց, նրա կողմն անցան Մանասեի ցեղից Մանասեի հազարապետներ Եդնան, Հոզաբադը, Հեդիելը, Միքայելը, Հոզաբադը, Եղիուսը և Սաղթին։
21 Սրանք օգնեցին Դավթին նրանց հրոսակախմբերի դեմ, որովհետև բոլորն էլ քաջազուններ էին և զորքի գլխավորներ եղան։
22 Այն ժամանակ օրեցօր գալիս էին Դավթի մոտ՝ օգնելու նրան, մինչև որ նրանք մի մեծ բանակ դարձան Աստծու բանակի նման։
23 Ահա այն սպառազինյալների թիվը, որոնք եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, որպեսզի, Տիրոջ խոսքի համաձայն, Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան։
24 Հուդայի որդիներից՝ վահան ու նիզակ կրող վեց հազար ութ հարյուր սպառազինյալ մարդ։
25 Շմավոնի որդիներից՝ յոթ հազար հարյուր քաջարի զինվորներ։
26 Ղևիի որդիներից՝ չորս հազար վեց հարյուր հոգի։
27 Նաև Հովիադան՝ Ահարոնի որդիների գլխավորը, և նրա հետ երեք հազար յոթ հարյուր հոգի։
28 Նաև քաջազուն տղամարդ Սադոկը և նրա հոր տնից՝ քսաներկու իշխաններ։
29 Բենիամինի որդիներից՝ Սավուղի ազգականներից, երեք հազար հոգի. որովհետև մինչև այդ ժամանակ նրանցից շատերը Սավուղի տան պահպանությունն էին անում։
30 Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարյուր քաջազուն մարդիկ՝ անվանի իրենց ազգատոհմերում։
31 Մանասեի կես ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուններով որոշված էին, որ գնան Դավթին թագավոր անեն։
32 Իսաքարի որդիներից, որոնք ժամանակի գիտությունն ունեին և հասկանում էին, թե ի՛նչ պետք է անի Իսրայելը, նրանց երկու հարյուր գլխավորները, և նրանց բոլոր ազգականները նրանց հետ համաձայն էին։
33 Զաբուղոնի որդիներից՝ հիսուն հազար հոգի՝ պատերազմական բոլոր գործիքներով զինված, պատրաստ պատերազմի մեջ մտնելու և կռվելու վճռական սրտով։
34 Նեփթաղիմի որդիներից՝ հազար իշխաններ ու նրանց հետ երեսունյոթ հազար վահանավորներ և նիզակակիրներ։
35 Դանի որդիներից՝ պատերազմող քսանութ հազար վեց հարյուր հոգի։
36 Ասերի որդիներից՝ զինվոր լինելու ընդունակ և պատերազմող քառասուն հազար հոգի։
37 Հորդանան գետի այն կողմում՝ Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Մանասեի կես ցեղից՝ հարյուր քսան հազար մարդ՝ զինված պատերազմական բոլոր գործիքներով։
38 Սրանք բոլորը՝ պատերազմող մարդիկ, ամբողջ սրտով եկան Քեբրոն, որ Դավթին թագավոր անեն ամբողջ Իսրայելի վրա։ Մնացած բոլոր իսրայելացիներն էլ համամիտ էին, որ Դավիթը թագավոր դառնա։
39 Նրանք այնտեղ երեք օր ուտում ու խմում էին Դավթի հետ, որովհետև իրենց եղբայրները պատրաստել էին նրանց համար։
40 Նաև նրանցից մոտիկ եղողները՝ մինչև Իսաքար, Զաբուղոն և Նեփթաղիմ, հաց բերեցին էշերով, ուղտերով, ջորիներով ու եզներով և ուտելիքի համար՝ ալյուր, չոր թուզ, չամիչ, գինի, յուղ և բազում արջառներ ու ոչխարներ, որովհետև Իսրայելն ուրախության մեջ էր։